Մարդիկ, ովքեր անգամ վառոդի հոտը չշնչած դարձել են հերոս, փոխհատուցում են ստացել, վկայականներ ունեն, բնակարան են ստանում, իսկ հերոս որդի տված ընտանիքները մատնված են անուշադրության: NEWS am-ի թղթակցի հետ զրույցում իր դժգոհությունն է արտահայտել զոհված ազատամարտիկի մայր Քաղցրիկ Խաչատրյանը: Նա Սամվել Խաչատրյանի մայրն է, ում մարտական ընկերերը Արցախյան պատերազմի տարիներին կնքել են «Միայնակ գայլ» անունով:

Նրա մայրը NEWS am-ի թղթակցին պատմել է, որ թեեւ ժամանակին ինքն ու ամուսինն ընդդիմացել են, սակայն Սամվելը գնացել է պատերազմ հենց վրիժառությունից դրդված: «29 տարեկան էր, բայց չէր ամուսնանում, որ ընտանիքը անտեր չմնա, բայց մեզ անտեր թողեց: Գնալուց առաջ նկարվել էր հասակով մեկ ու ասել՝ սա նկարվում են գերեզմանիս համար»,-ասել է Քաղցրիկ Խաչատրյանը: Սակայն ըստ նրա, կառավարությունը հոգ չի տանում նման մարդկանց ընտանիքների ու հարազատների համար: « Մատը կտրածն այսօր ավելի շատ թոշակ է ստանում, քան մենք, որպես Սամվել Խաչատրյանի ընտանիք: Անգամ  տղայիս մարմինը չեն գտել: Հրամանատարն ասում է, թշնամին նրան սպանել է, մարմինը այրել ու մոխիրը քամուն է տվել, իսկ հիմա…»,-ասել է զոհված ազատամարտիկի մայրը: Խաչատրյանի ընտանիքին հատկացվող պետական աջակցությունը միայն ամսական 50 հազար դրամի չափով հատկացվող թոշակի տեսքով է: Իսկ նրա գերեզմանը կառուցվեց մահվանից 20 տարի անց համայնքայի բյուջեի միջոցներով: