Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ երկրների հետախուզության գնահատականներով՝ Ռուսաստանն ամեն ամիս արտադրում է մոտ 250 հազար հրետանային արկ, այսինքն՝ տարեկան մոտ 3 մլն հատ։

Ինչպես CNN-ին ասել է եվրոպական հետախուզական ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյան, ԱՄՆ եւ ԵՄ հզորությունները թույլ են տալիս ամեն տարի Ուկրաինա մատակարարել 1,2 մլն արկից ոչ ավելի։

«Մենք այժմ արտադրողական ռեսուրսների պատերազմի մեջ ենք»,- հեռուստաընկերության հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի անունը չնշած պաշտոնյան։

Ռուսաստանն այժմ օրական մոտ 10 հազար արկ է կրակում Ուկրաինայի կրակած 2 հազարի համեմատ։ Եվրոպական հատուկ ծառայությունների աշխատակիցը տեղեկացրել է, որ որոշ տեղերում իրավիճակն ավելի վատ է։ Հրապարակման մեջ նշված է, որ Ուկրաինան արեւմտյան դաշնակիցներից ստացել է ժամանակակից սպառազինություններ, բայց հակամարտությունում, հավանաբար, կարող է հաղթել նա, ով ավելի շատ հրետանային արկ կօգտագործի։

ՆԱՏՕ ներկայացուցչի խոսքով, որի հետ զրուցել են CNN-ի լրագրողները, Ռուսաստանը շուրջօրյա աջակցում է արկեր արտադրող իր գործարաններին։ Ռուսաստանի պաշտպանական հատվածում այժմ աշխատում է մոտ 3,5 մլն մարդ պատերազմի սկզբի 2,5 մլն-ի փոխարեն, գրել են հեղինակները։

Բացի այդ, Ռուսաստանն արկեր է ստանում Իրանից եւ Հյուսիսային Կորեայից։

Ռուսական ռազմական մեքենան այժմ աշխատում է լրիվ թափով, շարունակում են հեղինակները, բայց նա էլ իր հնարավորությունների սահմանն ունի. նրանք սպասում են, որ այդ շեմը ձեռք կբերվի հաջորդ տարի։

Արեւմտյան հետախուզությունները չեն սպասում, որ Մոսկվան կկարողանա առաջիկայում հասնել որեւէ զգալի նպատակի մարտադաշտում։

Փորձագետների գնահատականներով, որոնց հետք խոսել է CNN-ը, Արեւմուտքը երկարատեւ հեռանկարում, այնուամենայնիվ, կարող է հասնել Ռուսաստանին արկերի արտադրությունում եւ թողարկել ավելի որակյալ սարքավորումներ։

«Արեւմուտքը նոր է սկսում ակտիվացնել ենթակառուցվածքի ստեղծումը, որպեսզի ապահովի զինամթերքների արտադրության անհրաժեշտ մակարդակը»,- հեռուստաընկերությանն ասել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշեմը։

Այլ գնահատականներով, որոնք վկայակոչում է CNN-ը, ռեսուրսների ընդհանուր հարաբերկացությունն, այնուամենայնիվ, ապահովում է Մոսկվայի առավելությունը, մանավանդ եթե ԱՄՆ կառավարությունը չկարողանա արգելափակումից հանել Ուկրաինայի օգնության փաթեթը, որի դեմ հանդես են գալիս Կոնգրեսի հանրապետական պատգամավորները։

«Ամեն բան շատ լավ է ընթանում, բայց կախված է այն բանից, թե ինչ տեղի կունենա,- ասել է աղբյուրներից մեկը։- Եթե օգնությունը վերականգնվի եւ արագ սկսի առաքվել, դեռ ամեն բան կորած չի լինի»։