Ոչ միայն Ուկրաինան, այլև այլ երկրներ հարյուր հազարավոր կյանքերով են վճարում «հակառուսական աշխարհաքաղաքական օպտիկայի» համար, որը ԵՄ-ն կիրառում է ամենուր, այդ թվում՝ Հայաստանում, Մոլդովայում և նույնիսկ Աֆրիկայում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այդ մասին ասել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 «ԵՄ-ն, իհարկե, ամեն կերպ փորձում է իրեն դիրքավորել որպես խաղաղարար և միջնորդ՝ նույնիսկ Ուկրաինայի հետ կապված։ Բայց արդյո՞ք ԵՄ-ն ցանկանում է, որ հակամարտությունն այս երկրում ավարտվի»,- նշել է Պոլյանսկին։

Այդ կապակցությամբ նա առաջարկել է այս հարցը ուղղել «առաջնային աղբյուրին», այսինքն՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին, որը ներկա էր խորհրդի նիստին։

«2023 թվականի հունիսին ընդունելով, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մի քանի շաբաթվա ընթացքում, եթե Արևմուտքը դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելը, Բորելը նշել է.  «Հարցը նրանում չէ՝ ավարտել պատերազմը, թե ոչ, այլ նրանում, թե ինչպես կավարտենք այն»: Այսինքն՝ Եվրամիությունը, որպես Ուկրաինայում, ըստ էության, պատերազմող կողմ, թեկուզ անուղղակիորեն, աշխատում է ոչ թե հակամարտությունը կարգավորելու, այլ դրա միջոցով Ռուսաստանին առավելագույն վնաս հասցնելու կամ, հաջողվելու դեպքում, մեր ռազմավարական պարտությանը հասնելու համար»,- ասել է Պոլյանսկին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կոչ է անում զգուշավոր մոտենալ ՄԱԿ-ի և ԵՄ-ի փոխգործակցությանը։

«Սա հեռու է անձնուրաց օգնությունից: Դրան անփոփոխ հետևում են քաղաքական պահանջները, օտար քաղաքական ու սոցիալ-տնտեսական կաղապարների պարտադրումը: Արդյունքում, դա միշտ հանգեցնում է ինչ-որ բանի` կա՛մ նեոգաղութային, կա՛մ հակառուսական, բայց ժամանակակից Եվրամիությունը չի կարողնաում այլ կերպ աշխատել»,- հավելել է նա: