Դանիայում, հոկտեմբերի 8-ին, Գլոստրուպե քաղաքի դատարանի շենքի դիմաց ծեծկռտուք է տեղի ունեցել երկու մրցակից ավազակախմբերի միջեւ, որի հետեւանքով ավելի քան 60 մարդ ձերբակալվել է: Այդ դատարանում ընթանում է Դանիայի պատմության մեջ ամենահնչեղ գործերից մեկի քննությունը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ծեծկռտուքին մասնակցել են մի կողմից մոտոցիկլիստների «Դժոխքի հրեշտակներ» եւ նրանց կողմնակից «ԱԿ-81» ավազակախմբերի երիտասարդները, մյուս կողմից`Տինբերգի «Ներգաղթյալների» ավազակախմբի ներկայացուցիչներ. մասնակիցների ընդհանուր թիվը հարյուրից ավելի է եղել:
Տղաները միմյանց վրա շշեր եւ քարեր են շպրտել, իսկ ոստիկանները կարգը խախտողների նկատմամբ պղպեղային աերոզոլներ են կիրառել: Անկարգությունների ճնշման զորամիավորման ժամանումից հետո իրավիճակը վերահսկելի է դարձել:
Գործընթացում դատում են «ԱԿ-81» ավազակախմբի անդամ Մազֆակ Ֆաբրիցիուսին, որը 2008թ. օգոստոսի 14-ին Տինբերգում կրակել է 19-ամյա թուրք Օսման Նուրի Դոհանին: Այս սպանությունը Կոպենհագենում ավազակախմբերի արյունալի պատերազմի առիթ է հանդիսացել, որը շարունակվում է մինչ օրս:
Ըստ ոստիկանների` «Դժոխքի հրեշտակների» եւ «Ներգաղթյալների» միջեւ այս պատերազմը, որի արդյունքում արդեն 7 մարդ զոհվել է, 60-ը` վիրավորվել, ավելի արյունալի է, քան 1990-ականների նախորդ պատերազմը «Դժոխքի հրեշտակների» եւ «Բանդիդոսի» միջեւ:
«ԱԿ»-ն դանիական «Միշտ պատրաստ» բառերի հապավումն է, իսկ 81 թիվը համապատասխանում է լատինական HA «Hell Angels» տառերին (Դժոխքի հրեշտակներ):
Ավազակախումբն ստեղծվել է 2007թ., որպեսզի Դանիայի թմրանյութերի առեւտի շուկայից ետ մղի ներգաղթյալների խմբավորումներին: «ԱԿ-81» -ը «Դժոխքի հրեշտակներ» մայր ավազակախմբի կադրերի հիմնական դարբնոցն է եւ, ոստիկանության տվյալներով, դրա կազմում մոտ 300 մարդ կա:



























