Ռուսաստանը լռեցրել է արբանյակի ազդանշանը RAF ինքնաթիռում, որը Լեհաստանից Մեծ Բրիտանիա էր տեղափոխում երկրի պաշտպանության նախարար Գրանտ Շափսին, գրել է The Guardian-ը՝ հղում կատարելով կառավարական աղբյուրներին։

Աղբյուրները տեղեկացրել են, որ Շափսի համար վտանգ չի եղել եւ կատարվածն անվանել են «ռադիոէլեկտրոնային պայքարի խիստ անպատասխանատու ակտ»։

Ենթադրվում է, որ GPS ազդանշանը խախտվել է 30 րոպեով, երբ օդանավը թռչում էր ռուսական Կալինինգրադի մոտով։

Բջջային հեռախոսները չեն միացել ինտերնետին, եւ ինքնաթիռը ստիպված է եղել օգտագործել այլընտրանքային մեթոդներ իր գտնվելու տեղը որոշելու համար, ասել է աղբյուրը։

Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել է միջադեպը, բայց ավելացրել է, որ «ոչ մի «անսովոր բան» չկա նրանում, որ ինքնաթիռների GPS խափանումներ լինում են քաղաքների վրայով թռչելիս։

«Լեհաստանից թռիչքի ժամանակ ինքնաթիռը ժամանակավորապես բախվել է խափանումների խնդրին, երբ թռել է Կալինինգադի վրայով»,- ասել է Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարը։

Նա ավելացրել է, որ դա չի սպառնացել ինքնաթիռի անվտանգությանը։

Պաշտպանական գերատեսչության աղբյուրները Times թերթին ասել են, որ թեեւ RAF ինքնաթիռները լավ պատրաստված են այդ խնդիրը լուծելու համար, «այն, միեւնույն է, անհարկի ռիսկի է ենթարկում քաղաքացիական ինքնաթիռներին եւ կարող է սպառնալ մարդկանց կյանքին»։

Պարզ չէ, թե արդյոք Շափսն ինքն է եղել թիրախը, նշել է պարբերականը։