Նիգերիական բանակի 16 զինվոր հայտնվել է շրջապատման մեջ եւ սպանվել այս շաբաթվա սկզբին, երբ նրանք փորձել են կանգնեցնել բախումը նավթարդյունահանող հարավային Դելտա նահանգում, տեղեկացրել է АР-ն՝ հղում կատարելով բանակի հաղորդմանը։

Բրիգադի գեներալ Տուկուր Գուսաուի խոսքով՝ 181-րդ գումարտակի զինծառայողները արձագանքել են հակամարտությանը Օկուոմա համայնքում, երբ սպանվել են հինգշաբթի օրը։

«Խմբի վրա կատարվել է հարձակում, որի հետեւանքով զոհվել են հրամանատարը, երկու մայոր, մեկ կապիտան եւ 12 զինվոր»,- ասել է Գուսաուն։

Նրա խոսքով՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարգադրել է անհապաղ հետաքննություն իրականացնել եւ ձերբակալել հանցակիցներին։

«Ներկայում կատարվել են մի քանի ձերբակալություններ, ինչպես նաեւ կիրառվել են հարձակման մոտիվների բացահայտման միջոցներ»,- ավելացրել է նա։

Դելտա նահանգի շատ բնակավայրերում հաճախ տեղի են ունենում բախումներ, երբեմն՝ մահացու ելքով, հողի կամ էներգետիկ ընկերությունների նավթի լցարկման փոխհատուցման համար։