Գիտնականները 3,3 միլիարդ տարվա վաղեմության ապարներում հայտնաբերել են հայտնի ամենավաղ երկրաշարժերի ապացույցները:
Այս ապարները սալերի տեկտոնիկայի վաղ ապացույցներ են, ինչը բացատրում է երկրակեղևի բաժանումը հսկայական սալերի, որոնք սահում են Երկրի միջնապատյանի երկայնքով: Բացի այդ, ապարները ցույց են տալիս թե ինչպիսի պայմաններ կարող էին լինել կյանքի առաջացման ժամանակ։
Երկրաբաններն այս հայտնագործությունն արել են՝ ուսումնասիրելով Բարբերթոն Գրինսթոուն գոտին, որը բարդ երկրաբանական գոյացություն է հարավային Աֆրիկայում: Նրանք ընդգծել են, որ այս գոտին զարմանալիորեն նման է Նոր Զելանդիայի շատ ավելի երիտասարդ ապարներին, որտեղ երկրաշարժի հետևանքով ստորջրյա սողանքներ են տեղի ունեցել, ասվում է Geology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Բարբերթոն Գրինսթոունը ներկայացնում է 3,2-ից 3,6 միլիարդ տարի առաջվա ժամանակափուլի Երկրի ամենաընդարձակ երկրաբանական տարեգրություններից մեկը:
Հետազոտության համահեղինակ Կոռնել դե Ռոնդետը հրապարակել է գոտու մասնակի քարտեզը 2021 թվականին՝ ցույց տալով «բլոկների հսկայական կուտակումը», որոնք պոկվել էին դրանց ձևավորման վայրերից:
Ըստ գիտնականների, այս տարածքի երկրաբանությունը նման է նրան, ինչ նրանք տեսել են Նոր Զելանդիայի արևելյան մասի երկայնքով 20 միլիոն տարվա վաղեմության ժայռերում և ավելի ուշ տեղի ունեցած սողանքներում:
Նոր Զելանդիայի ափերի մոտ Խաղաղօվկիանոսյան սալը սահում և քսվում է Ավստրալիական սալին՝ առաջացնելով հզոր երկրաշարժեր և ստորջրյա սողանքներ: Այս սողանքների ժամանակ ցամաքում և ծանծաղ ջրերում գոյացած ապարներն ընկնում են օվկիանոսի խորքերը՝ փոխելով իրենց սկզբնական դիրքը։
Ըստ հետազոտության, Նոր Զելանդիայի Մարլբորո շրջանի գոյացություններից մեկը կարող է միլիոնավոր տարիների ընթացքում հազարավոր երկրաշարժերի արդյունք լինել, ընդ որում, յուրաքանչյուր երկրաշարժ տեղաշարժել է ամենախոշոր բլոկները:
Երկիրը ձևավորվել է մոտ 4,6 միլիարդ տարի առաջ, այնուհետև սառել է՝ վերածվելով ջրային աշխարհի: Գիտական աշխարհում համաձայնություն չկա, թե երբ է սկսվել սալերի տեկտոնիկան․ այս հետազոտության համաձայն, դա, հավանաբար, տեղի է ունեցել 2 միլիարդ տարի առաջ:





























