Կիրակի վաղ առավոտյան Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս հինգը վիրավորվել են, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03։00-ի սահմաններում։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Քենեդու հանգստի կենտրոնի մոտ։

Զոհերը և վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է մայրաքաղաքի ոստիկանապետի օգնական Ջեֆրի Քերոլը։

Վիրավորների վիճակի մասին տեղեկություններ չեն ստացվել։

Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը, որը տեղի է ունեցել Սպիտակ տնից մոտ տասներկու թաղամաս հյուսիսարևելք ընկած տարածքում: Ոստիկանությունը չի հայտնել որևէ ձերբակալվածի մասին և չի նշել գործով կասկածյալների անունները:

«Մենք խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն այս դեպքի մասին կամ ականատես են եղել, կապ հաստատեն մայրաքաղաքի ոստիկանության դեպարտամենտի հետ»,- հայտարարել է ոստիկանությունը։