Իսլանդիայի հարավում արտակարգ դրություն է հայտարարվել Ռեյկյանես թերակղզում հրաբխի հերթական ժայթքումից հետո, որը չորրորդն է  դեկտեմբերից ի վեր, հայտնում է BBC-ն։

Լավան հասել է մինչև տարհանված փոքր Գրինդավիկ քաղաքի արևելյան ամրությունները, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Լավայի հզոր և արագընթաց հոսքերը սկսել են ժայթքել շաբաթ ուշ երեկոյան, սակայն իշխանություններն ասում են, որ դրանք զգալիորեն փոքրացել են:

Սկզբնական շրջանում 3 կմ երկարությամբ ճեղքի շուրջ ակտիվությունը դադարել է:

Իսլանդիայի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ լավայի հոսքերը կիրակի օրը դեռևս հոսում են, բայց արագությունը, որով դրանք շարժվում են, սկսել է նվազել:

Իսլանդիայի քաղաքացիական պաշտպանության տնօրեն Վիդիր Ռեյնիսոնն ասել է, որ ամեն ինչ արվել է լավայի հոսքին նախապատրաստվելու համար, և ամենամեծ մտահոգությունը ենթակառուցվածքների վրա դրա ազդեցությունն է:

Պաշտպանական կառույցների մոտ լավայի կուտակումները նույնպես մտահոգիչ են, հավելել է նա։

Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով, ժայթքումը սկսվել է շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 20:00-ից հետո (Գրինվիչի ժամանակով 20:00-ին) Գրինդավիկից դեպի հյուսիս: