ԱՄՆ-ում տեղակայվող ահաբեկիչները փորձում են ապակայունացնել իրադրությունը Կուբայում՝ որպես պատրվակ օգտագործելով բնակչության բողոքները կղզու արեւելքում՝ էլեկտրամատակարարման հետ կապված։ Այս մասին կիրակի հայտնել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։
«Մի քանի մարդիկ դժգոհություն են հայտնել էլեկտրամատակարարման եւ սննդամթերքի տարածման հետ կապված։ Այս համատեքստից փորձում են օգտվել հեղափոխության թշնամիները՝ ապակայունացնող նպատակներով։ Վերջին մի քանի ժամերի ընթացքում մենք դարձել ենք վկաները, թե ինչպես են ԱՄՆ-ում տեղակայվող ահաբեկիչները, որոնց մենք բազմիցս դատապարտել ենք, խրախուսում երկրի ներքին կարգի դեմ ուղղված գործողությունները»,- գրել է պետության ղեկավարը X-ի իր էջում։
Նա նշել է, որ իշխանությունները փորձելու են լուծել բնակչության խնդիրները։ «Իշխանությունները ուշադիր կվերաբերվեն ժողովրդի բողոքներին, կլսեն նրանց, երկխոսություն կվարեն, կբացատրեն դրությունը շտկելուն ուղղված բազմաթիվ ջանքերը։ Մենք կշարունակենք խաղաղ աշխատել, որպեսզի դուրս գանք այս վիճակից»,- գրել է նա։
Կիրակի ավելի վաղ տեղի Cubadebate լրատվական պորտալը տեղեկացրել էր Սանտյագո-դե-Կուբա քաղաքի մի քանի շրջանների բնակիչների բողոքների մասին, որոնք պահանջում էին ապահովել սննդամթերքների եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները՝ կապված վառելիքի պակասի եւ էլեկտրակայանների վիճակի հետ։ Էներգիայի անբավարարությունը պիկ ժամերին հասնում է ընդհանուր պահանջմունքի 30 տոկոսին։ Տեղի են ունենում հոսանքի պլանային անջատումներ, մասնավորապես, հանրապետության արեւելքում։





























