Լեհ ֆերմերները փակել են Լեհաստանից Գերմանիա ճանապարհի երկու կարեւոր մայրուղիները, ինչի պատճառով երթեւեկությունը խիստ դժվարացել է, տեղեկացրել է RMF24-ը։
Մասնավորապես, փակվել է A2 մայրուղին Բեռլին տանող ճանապարհին, Սվեցկո բնակավայրի մոտ։ Այստեղ ֆերմերները կանգնած են դեռ կիրակի օրվանից, երթեւեկությունը լիովին դադարեցված է։
Յորդանովո քաղաքի մոտ վարորդներին ուղարկում են ճանապարհը շրջանցելու S3 ճանապարհով։ Լրագրողների հետ վաղ առավոտյան շփված որոշ ճանապարհորդներ տեղեկացրել են, որ Օլշինոյով շրջանցման վայրում մոտ 5 կիլոմետր երկարությամբ խցանումներ են առաջացել։
Փակ է նաեւ 32 մայրուղին Գուբինեկ գյուղում, այստեղ ցուցարարները բաց են թողնում միայն սահմանապահների, շտապօգնության եւ ոստիկանության մեքենաները։
Կարգախոսները նույնն են՝ ֆերմերները ցանկանում են փոփոխություններ այն պահանջներում, որոնք դնում են նրանց վրա ԵՄ նոր բնապահպանական օրենսդրության համաձայն, ինչպես նաեւ ընդվզում են եվրոպական շուկա «ուկրաինական եւ ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկրների արտադրանքի հոսքի դեմ»։
Ցույցի մասնակիցները մինչ այդ նշել էին, որ Գերմանիայի հետ սահմանի շրջափակումը կշարունակվի չորս օր։





























