Փարիզի Կուրնյով կոմունայի ոստիկանական տեղամասը ենթարկվել է անհայտ անձանց հարձակմանը, որոնք դրա համար օգտագործել են ճայթռուկներ եւ այրվող խառնուրդով շշեր։ Այս մասին տեղեկացրել է France Bleu ռադիոկայանը։
Նրա տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 18-ին։ Սոցցանցերում տեղակայված տեսանյութերի համաձայն՝ մի քանի տասնյակ երիտասարդներ մասնակցել են հարձակմանը՝ ճայթռուկներ արձակելով շենքի ճակատամասին եւ այրելով մոտակայքում գտնվող աղբամանները։ SGP Police Ile de France արհմիությունում տեղեկացրել են «հարյուր մարդու» մասին, ինչպես նաեւ նշել են, որ օգտագործվել են այրվող խառնուրդով շշեր։
Մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտ Լորան Նունյեսը TF1 հեռուստաալիքի եթերում տեղեկացրել է ինը ձերբակալվածի մասին (18-21 տարեկան, ինչպես նաեւ երկու անչափահաս)։ Բախումների ընթացքում տուժել է ոստիկանության երկու աշխատակից։ Լրացուցիչ ուժեր են ուղարկվել կոմունա։
ԶԼՄ-ներում միջադեպը կապում են անցած շաբաթ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետ Օբերվիլ կոմունայում, մահացել էր սկուտերի երիտասարդ վարողը։ Նա մեծ արագությամբ բախվել էր ոստիկանական մեքենային, որը փակել էր նրա ճանապարհը։ Ոստիկանության վարկածով՝ երիտասարդը կանգ չէր առել պարեկների պահանջով, իսկ նրա հարազատները մեղադրում են ոստիկանական մեքենայի վարորդին «միտումնավոորության մեջ», ինչը հանգեցրել է չկանխատեսված սպանության։




























