Չճանաչված Մերձդնեստրում հայտնել են զորամասին կամիկաձե-դրոնի հասցրած հարվածի մասին, որի հետեւանքով տեղի են ունեցել պայթյուն եւ հրդեհ։ Քիշնեւը դա սադրանք է անվանել, տեղեկացրել է Current Time-ը։

Տիրասպոլի զորամասերից մեկի տարածքում պայթյունի հետեւանքով հրդեհ է առաջացել, այս մասին մարտի 17-ի երեկոյան տեղեկացրել է Մերձնդեստրի Առաջին ալիքը։ Պայթյունը տեղի է ունեցել կամիկաձե-դրոնի գրոհի հետեւանքով։ Զոհեր չկան, նշվել է հաղորդագրությունում։

«Новости Приднестровья» պարբերականի տեղեկացմամբ՝ այրվել է մի ոււղղաթիռ։ Հարուցվել է քրեական գործ։

Մոլդովայի իշխանությունները հայտնել են, որ կապ չունեն կամիկաձե-դրոնի գրոհի հետ, որի հետեւանքով ոչնչացվել է Ми-8МТ ուղղաթիռը։ Այս մասին տեղեկացրել է Մոլդովայի կառավարության վերինտեգրման բյուրոն։

«...Մենք տեղեկացնում ենք, ոչ միջադեպը տարածաշրջանում վախ եւ խուճապ առաջացնելու փորձ է։ Պատկերներում ներկայացված ռազմական տեխնիկան չի աշխատում արդեն քանի տարի»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։

Մոլդովայիիշխանությունները սերտ կապի մեջ են ուկրաինական իշխանությունների հետ եւ հերքում են այդ գրոհին իրենց մասնակցությունը։

Միջադեպը տեղի է ունեցել այն օրը, երբ չճանաչված Մերձդնեստրի բնակիչները քվեարկել են ՌԴ նախագահի ընտրություններում, վեց ընտրատեղամասերում, որոնք Ռուսաստանը բացել է Դնեստրի ձախ ափին՝ չնայած Քիշնեւի բողոքին, նշել է «Ազատություն» ռադիոյի մոլդավական ծառայությունը։

Մերձդնեստրը փաստացի չի վերահսկվում Քիշնեւի կողմից 1992-ից։ Ավելի քան 20 տարի Մերձդնեստրում են գտնվում մոտ 1 700 ռուս զինծառայողներ։ 2022թ. մարտի սկզբին Մերձդնեստրի իշխանությունները Մոլդովային կոչ արեցին ճանաչել իրենց անկախությունը եւ ստորագրել միջպետական պայմանագիր Մոլդովայի կողմից Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու ֆոնին։