Երեւանը Ղազախստանի համար հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում եւ Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ Երեւանում տված մամուլի ասուլիսում։
Ընդգծելով հարաբերությունների բարեկամական բնույթը՝ նախարարը հիշեցրել է, որ սեպտեմբերին կնշվի բարեկամության եւ համագործակցության պայմանագրի 25-ամյակը։ Նախարարը տեղեկացրել է, որ կողմերը քննարկում են գործարարության խորհրդի ստեղծման հարցը, իսկ Ղազախստանը բաց է ներդրումների համար։ Նախարարը գնահատել է այցի շրջանակում կայացած երկխոսությունը որպես բովանդակալից եւ կառուցողական, քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Երկրների դիրքորոշումները մի շարք հարցերում մոտ են եւ համընկնում են, նշել է նախարարը՝ փաստելով խաղաղության եւ կայունության կարեւորությունն ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Նախարարը նաեւ նշել է համագործակցությունն այնպիսի կարեւոր միջազգային հարթակներում, ինչպպիսին են ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն։
Սակայն ԱԳՆ ղեկավարը դժգոհել է ապրանքաշրջանառության ցածր մակարդակից, որը չի համապատասխանում հնարավորություններին։ Այս առնչությամբ նա տեղեկացրել է, որ Ղազախստանը կարող է 70 տոկոսով ավելացնել ոչ հումքային արտահանումը ՀՀ։ «Հայաստանում գործում են ղազախական կապիտալով ավելի քան 100 ընկերություններ, 435 ընկերություն հայկական, 76՝ խառը կապիտալով։ Բացում ենք նոր չվերթներ»,- շարունակել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ Ղազախստանում ապրում է ավելի քան 25 հազար հայ, իսկ համայնքը ոսկե կամրջի դեր է խաղում հանրապետությունների միջեւ։ Ղազախստանում գործում են մշակույթի 14 կենտրոններ եւ կիրակնօրյա դպրոցներ։ Ղազախստանի 55 քաղաքացի սովորում է Հայաստանում, երկու անգամ ավելի քիչ ՀՀ քաղաքացի՝ Ղազախստանում։ Թվերը փոքր են, բայց Ղազախստանը պատրաստ է ավելացնել դրանք, խոստացել է նախարարը։
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նախարարը նշել է, որ շոշափելի քայլ է կատարվել, որը կարող է ազդակ հաղորդել համագործակցության զարգացմանը, եւ վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացվեն։ Վերջում նա խաղաղություն եւ բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին։





























