Չորեքշաբթի՝ մարտի 20-ին, լեհ ֆերմերները նախատեսում են հարյուրավոր ցույցեր անցկացնել Լեհաստանի ամբողջ տարածքում, տեղեկացրել է RMF24-ը։

Գյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ ցույցեր եւ շրջափակումներ են նախատեսված մոտ 400 վայրերում, մասնավորապես՝ դեպի Վարշավա տանող տասնյակ կարեւոր ճանապարհներին։

Ոստիկանությունը նախազգուշացրել է նաեւ դեպի Կրակով տանող ճանապարհներին սպասվող ցույցերի մասին, որտեղ ցուցարարները նախատեսում են անմիջապես քաղաք մտնել։ Քաղաքացիներին կոչ են անում այդ օրը խուսափել անձնական մեքենաների օգտագործումից՝ խցանումներից խուսափելու համար։

Խնդիրներ են սպասվում նաեւ Գդանսկում, որտեղ ցույցերը փողոցներում կշարունակվեն 10-16 ժամ։

Վրոցլավի քաղաքապետարանը, որտեղ ֆերմերները կցանկանային ցույց անցկացնել քաղաքում, թույլ չի տվել ցույց անցկացնել քաղաքի վարչական շրջանում՝ փաստարկելով, որ դա ճանապարհային երթեւեկության եւ անվտանգության խնդիրներ կստեղծի  քաղաքաբնակների համար։ Կազմակերպիչները ցանկանում են որոշումը բողոքարկել դատարանում։