Հայաստանի ուրվագծվող ինչ-որ թիթեղ ձեռքին, վարչապետը փորձում է գտնել սեփական երկրի  կադաստրի վկայականն ու համոզել տավուշցիներին, որ հենց դա է Հայաստանը, որտեղ չկան իրենց գյուղերն ու սուրբ Աստվածածին եկեղեցին: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Հիմա, երբ ապրում ես մի երկրում, որտեղ պատերազմի ստվերը երբեք այսքան մոտ չի եղել, թշնամին այդքան անպատիժ, ուր ամեն մի անարյուն լուսաբաց նվեր է, ուր հասարակությունը երբեք այդքան անպաշտպան չի եղել, հանկարծ մեջտեղ է նետվում ակադեմիական քաղաք կատռուցելու գաղափարը:

Սա արվում է մի միջավայրում, ուր կրթության ոլորտում  կապիտալ ծախսերի կատարողականը ընդամենը 42 տոկոս է, իսկ այսօր թափված ասֆալտը վաղը չկա»,-ասաց նա:

Լիլիթ գալստյանը դիմելով քաղաքական մեծամասնությանը, ասաց. «Կոտրեք ձեր լռությունը: Սա ի՞նչ վարքագիծ է, ինչ սեւեռուն վարքագիծ է՝ քանդել, ուրանալ, անապատացնել ամ,են մի ժառանգություն, անցյալի հետ հոգեւոր կապեր,  ինքնութենական կոդեր: Էս կազմալուծվող երկրում ի՞նչ ակադեմիական քաղաք, մեր մեր անվտանգային գոյութենական կոլապսի մեջ սա ի՞նչ  չհիմնավորված առաջնահերթություն է: Որտե՞ղ է որոշվել, որ Հայաստանին ակադեմիական քաղաք է հարկավոր, ի՞նչ հաշվարկներ, ինչ ուսումնասիրություն կամ հիմնավորում կամ ռազմավարություն է ընկած այս գաղափարի հիմքում: Սա ի՞նչ հիվանդ երեւակայություն է, ինչու եք հասարակությանն ու գիտական հանրությանը փաստի առաջ կանգնեցնում:

Թե քաղաքաշինական, թե բովանդային իմաստով արդեն իսկ մայրաքաղաքի կենտրոնում Թամանյանի հղացմամբ ԵՊՀ-ի շուրջ տեղակայված ԲՈւՀ-երը կառուցված են հենց այս՝ ակադեմիական քաղաքի փիլիսոփայությամբ:

ԵՊՀ-ն, Կոնսերվատորիան, Բժշկականը՝ սրանք կոդային արժեքաբանական գաղափարական սիմվոլներ են՝ սոսկ շենքեր չեն, սրանց թիկունքում 100-ամյակի կրթություն է և մշակույթ»,-հայտարարեց պատգամավորը:

Նա նշեց, որ եթե իշխանությունները կարող են, թող կրթության որակը բարձրացնեն, օպտիմալացնեն բուհերը, խստացնեն հավատարմագրման կարգերը, այլ ոչ թե ակադեմիական քաղաք կառուցեն։

Պատգամավորը հայտարարեց, որ գիտակրթական խնդիրներ լուծելիս պետք է առաջնորդվեն բժշկական հայտնի՝ «մի վնասիր» սկզբունքով: