Ռուսատանի արտգործնախարարությունը Մեծ Բրիտանիային դեմարշ է հայտարարել:
«Մոսկվայում Մեծ Բրիտանիայի խորհրդական-դեսպանորդ Թ. Դոդդի ուշադրությունը հրավիրվել է ՌԴ նախագահական ընտրությունների ընթացքում մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անընդունելի քարոզչական հրապարակումների վրա, որոնք կատարվել են պաստառային ոճով և ուղղված են եղել ռուսաստանյան նոր տարածքներում ընտրական գործընթացի խափանմանը: Նշվել է նման գործունեության բացարձակ անթույլատրելիությունը, ինչը գնահատում ենք իբրև Ռուսատանի ներքին գործերին միջամտություն ու մեր երկրում անկախ ընտրական համակարգի նկատմամբ ճնշում գործադրելու և ընտրությունների արդյունքների վրա ազդելու թշնամական փորձ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Նշվում է, որ դեսպանորդի հետ հանդիպմանը ընդգծվել է, որ նման գործողությունները վկայում են Լոնդոնի կողմից դիվանագիտական շփման՝ Վիեննայում 1961-ին դիվանագիտական հարաբերությունների մասին ամրագրված կոնվենցիայի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտման մասին և հակասում են Ռուսաստանում բրիտանական դիվանագիտական առաքելության կարգավիճակին:
«Առանձնահատուկ ընդգծվել է, որ ՌԴ նախագահի ընտրությունները, ի հեճուկս Արևմուտքի կողմից ագրեսիվ վարկաբեկման փորձերի, ակնհայտորեն ի ցույց են դրել Ռուսաստանի ժողովրդի աննախադեպ միասնականությունը և պետության ղեկավարի գործողությունների, նրա որդեգրած քաղաքականության հանդեպ վստահությունը։ Խորհուրդ է տրվել ուշադրություն դարձնել Բրիտանիայում առկա իրավիճակի վրա, որտեղ ակնառու կերպով հասունանում է իշանության ճգնաժամ»,- հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:





























