Երկիրն իրոք օրհասական վիճակում է, որի մասին նաեւ երրորդ նախագահն է խոսել. Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կոչվում է դավաճանական, կապիտուլյացիոն գծի շարունակություն, Հայաստանի պետականության պաշարների հերթական սպառում, անվտանգային միջավայրի ջախջախում: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն անվտանգության բոլոր բաղկացուցիչները հաջողությամբ, ժողովրդի լուռ համաձայնությամբ, իր դավաճանական թիմի ակտիվ աջակցությամբ, ուղղակի համոզելով, ոստիկանական բռնի ճնշումներ գործադրելով, խաբելով, մանիպուլացնելով, վախեցնելով, շանտաժ անելով սեփական երկրի քաղաքացիներին փորձում է ամբողջությամբ քայքայել։
«Փաշինյանն ասում է՝ իմ վրա հույս չդնեք, ես ձեր բոլորի անվտանգության, կյանքի, ապագայի վրա թքած ունեմ, այս հողը պետք է տաք, չէ, ուրեմն գնացեք, պատերազմ է լինելու։ Ինքը նույնիսկ չի էլ ասում՝ ստիպված պետք է լինենք պատրաստվել պատերազմի, մեր այլընտրանքը պատերազմն է, որի միջոցով կարողանալու ենք պաշտպանել մեր ինքնությունը, մեր անվտանգությունը, մեր պետականությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունը: Նա չի ասում, որ եթե այդ ճանապարհները մեր ձեռքից վերցնեն, իկիսով չափ են դառնալու մեր ռազմավարական հաղորդակցության հնարավորությունները: Դրա հիման վրա Հայաստանն ուղղակի շնչահեղձ իրավիճակում է լինելու»,- ասաց Զաքարյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ բանը դրան չպետք է հասնի. «Օր առաջ պետք է սրանց վռնդել՝ ոտքի կանգնելով: ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է գան այն եզրահանգման, արձանագրեն մեկ փաստ, որ յուրաքանչյուրից է կախված ճակատագիրը: Ոչ մեկը թող տունը նստած չասի՝ «Հայաստան» դաշինքն է մեղավոր, կամ «Պատիվ ունեմն» է մեղավոր, կամ մյուսներն են մեղավոր: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիք, եւ դա փողոց դուրս գալն է, այն դեպքում, երբ քաղաքական բոլոր ուժերը միասնական փողոցում կլինեն»:
Հարցին՝ ինչո՞ւ են հապաղում, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն պատրաստ է, հենց այս պահին էլ է պատրաստ, երեկ էլ էր պատրաստ: Մենք պետք է վստահ լինենք, որ հերթական անգամ ոստիկանության հետ բախում, բռնաճնշումներ չեն լինելու, եւ դրանով շարժումը նորից նմանվի նախորդ շարժումներին: Եթե բոլոր քաղաքացիները դուրս գան փողոց, որեւէ մեկի նկատմամբ բռնաճնշում չի լինի»:
Դիտարկմանը, որ եթե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն էլ քայլ անելուց առաջ մտածեր, որ չի ստացվելու, նա էլ դուրս չէր գա փողոց, ՀՀԿ-ական գործիչն արձագանքեց. «Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը շատ լավ էլ գիտեր, որ ստացվելու է, որովհետեւ սա Արեւմուտքի կողմից կազմակերպված մեծ բան էր: Եթե մենք զգանք, որ ՀՀ քաղաքացիները պատրաստ են, ամենահեշտ բանը դառնալու է դա կազմակերպելը»:
Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ական գործիչներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն։





























