Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը մեղադրել է կառավարությանը Գազայում պահվող պատանդների ընտանիքներին թիրախ դարձնելու մեջ։

«Այսօր առավոտյան, մեկը մյուսի հետևից  կառավարության նախարարները եթեր են դուրս գալիս և հարձակվում պատանդների ընտանիքների վրա», - գրել է Լապիդը X-ի իր միկրոբլոգում:

«Դուք խելք ունե՞ք: Ձեր աչքի առաջ առևանգել են երիտասարդ կանանց, ծերերի, երեխաների։ Կես տարվա ընթացքում չեք կարողացել նրանց տուն վերադարձնել, իսկ հիմա մեղադրում եք նրանց ընտանիքների՞ն։ Այս կործանարար կառավարությունը պետք է հեռանա։ Անհապաղ ընտրություններ»,- նշել է Լապիդը։

Ըստ իսրայելական լրատվամիջոցի, կոալիցիայի մի շարք օրենսդիրներ այսօր առավոտյան եթեր են դուրս եկել և մեղադրանքների տարափ թափել  ցուցարարների վրա այն բանից հետո, երբ Թել Ավիվում պատանդների ընտանիքների և նրանց աջակիցների ամենշաբաթյա ցույցերը դրամատիկ ընթացք ստացան երեկ երեկոյան, երբ բանախոսները մասնակիցներին կոչ արեցին «դուրս գալ փողոց» և միանալ քաղաքի կենտրոնում հակակառավարական ցուցարարներին։

Ավելի ուշ ցուցարարները վրանային քաղաք տեղադրեցին Քնեսեթի շենքի մոտ, որտեղ  Լապիդը ելույթ կունենա այսօրվա հանրահավաքում։