Հայաստանում անհրաժեշտ է խստացնել սպանդանոցների գործունեության կանոնակարգման նկատմամբ վերահսկողությունը։

Դրա մասին Ազգային ժողովում՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում ապրիլի 2-ին ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

Փոխնախարարը նշել է, որ եթե ստուգումների ժամանակ խախտումներ հայտնաբերվեն, պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սպանդանոցի գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու օրինական իրավունք և լիարժեք հիմքեր կունենա։ Նա նշել է, որ օրինագծում առաջարկվում է սահմանել նաև լիազորող նորմեր:

Պատգամավորները ևս անդրադարձել են ոլորտի խնդիրներին, առաջարկել ավելացնել սպանդանոցների թիվը և այլն։

Քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել: