«Վրացական երազանքը» պաշտոնապես սահմանադրության փոփոխություն է նախաձեռնել՝ ուղղված «ԼԳԲՏ-քարոզչության դիմակայմանը», տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
«Երազանքը» նախաձեռնում է սահմանադրության փոփոխություն եւ առաջարկում ընդունել սահմանադրական օրենք «Ընտանեկան արժեքների եւ անչափահասների պաշտպանության մասին»։ Այն կունենա ութ կետ, «ԼԳԲՏ» տերմինը դրանում ուղիղ նշված չէ։
Նախագիծը նախատեսում է, որ կարող են կանոնակարգվել միայն «ամուսնության հարաբերությունները, որոնք նախատեսում են մեկ գենետիկ տղամարդու միությունը մեկ գենետիկ կնոջ հետ», որդեգրումը կամ անչափահասի խնամքի ձեւակերպումը թույլատրվում է «միայն ամուսիններին կամ հետերոսեքսուալ անձանց, որոնք ամուսնացած են Վրաստանի օրենսդրության համաձայն»։
Արգելվում են բուժմիջամտությունները սեռը փոխելու համար, պաշտոնական փաստաթղթերում պետք է նշվի միայն արական կամ իգական սեռ, անվավեր կճանաչվի պետական մարմինների կամ մասնավոր անձանց ցանկացած որոշում, որոնք «ուղիղ կամ անուղղակիորեն սահմանափակում են սեռով որոշվող հասկացությունների օգտագործումը»։
Վերջին կետերն արգելում են «իրադարձություններն՝ ուղղված նույնասեռական ընտանեկան կամ ինտիմ հարաբերություններին, արյունապղծությանը, անչափահասի որդեգրմանը կամ խնամքին նույնասեռական զույգի կամ հետերոսեքսուալի կողմից, բուժական միջամտություններին՝ սեռը փոխելու նպատակով», ինչպես նաեւ այդ թեմայով «ստեղծագործությունների, ծրագրերի եւ այլ նյութերի» տարածմանը, դրանց ներդրմանը պետական կամ մասնավոր ուսումնական հաստատությունների կրթական գործընթացում։ Անհասկանալի է, թե ինչպիսին են լինելու սահմանման կոնկրետ չափանիշները, թե արդյոք այդ նյութերը քարոզչություն են հանդիսանում։
«Վրացական երազանքը» խորհրդարանում բավականաչափ մեծամասնություն չունի, որպեսզի մտցնի փոփոխությունը սահմանադրությունում։ Ավելի վաղ կուսակցությունում հայտնել էին, որ նախագիծն ամենայն հավանականությամբ քվեարկության կդրվի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում «Երազանքը» հույս ունի սահմանադրական մեծամասնություն ստանալ։
«Վրացական երազանքը» նշում է, որ առաջարկվող փոփոխությունները չի կարելի գնահատել որպես մարդու իրավունքների եւ կարծիքների արտահայտման սահմանափակում։





























