Թուրքիայում նոյեմբերի 11-ին, տեղի ժամանակով 17:45-ին Իզմիթ-Գյոլջուք ուղերթն իրականացնող «Քարթեփե» լաստանավը առեւանգվել է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լաստանավը առեւանգել են PKK-ի զինյալները:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` լաստանավի վրա գտնվում են 19 ուղեւոր եւ նավի անձնակազմը` 4 հոգի: Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը նշել է, թե ամենայն հավանականությամբ նավում գտնվում են 4 կամ 5 քուրդ զինյալ, ովքեր ուղեւորների եւ նավի անձնակազմի մոտից հավաքել են բջջային հեռախոսները: Նա շեշտել է, թե լաստանավն առեւանգողները դեռեւս որեւէ պահանջ չեն ներկայացրել, նրանք միայն նավապետին են սպառնացել` պնդելով, թե իրենց մոտ ռումբ կա:
Նշվում է, որ լաստանավին ծովում հետեւում են ոստիկանության հատուկ արագընթաց նավերը, իսկ օդից հետեւում են ռազմական ուղղաթիռները:
Հայտնի է դարձել, որ PKK-ի զինյալները նավը առեւանգելու ժամանակ օդ են կրակել` թույլ չտալով, որ ափի անվտանգության ուժեր մոտենան նավին:
Միեւնույն ժամանակ խիստ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել Իմրալը կղզում, որտեղ ցմահ պատիժն կրում PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: Իմրալը կղզուն արգելվում է 5 կմ-ից ավել մոտենալ, ուստի, կղզու անվտանգության նավերը պատրաստվել են հարձակման, եթե առեւանգված նավը շարժվի դեպի կղզու կողմ:
Վերջին տվյալներով` լաստանավը առեւանգողները դեռեւս պահանջներ չեն ներկայացրել:


























