Չորս մարդ է մահացել ՌԴ Օրենբուրգի շրջանի հեղեղված Օրսկ քաղաքում, նրանց մահը կապված չէ ջրհեղեղի հետ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղաքապետարանից։
«4 մարդ է մահացել։ Երկուսը սրտի նոպա են ունեցել, մեկը մահացել է բնական մահով, մեկն էլ ինքնասպան է եղել։ Ջրհեղեղի հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել»,- ՌԻԱ Նովոստիին պարզաբանել են Օրսկի քաղաքապետարանից։
Ավելի վաղ շրջանային իշխանությունները գործակալությանը պաշտոնապես հայտնել էին, որ Օրսկում երկու տարեց տղամարդ է մահացել, նրանց մարմինները հայտնաբերվել են իրենց տներում։ Ըստ փորձագետների, թոշակառուները չեն մահացել ջրահեղձվելու պատճառով։
Օրսկում ուրբաթ օրը ճեղքվել է քաղաքը Ուրալ գետից պաշտպանող ամբարտակը։ Քաղաքապետ Վասիլի Կոզուպիցայի վկայությամբ, ամբարտակը երկու տեղից վնասված է։ Այս իրավիճակն անդրադարձել է նաև Օրենբուրգի վրա։
Դատախազության կարծիքով, կատարվածի պատճառը հիդրոտեխնիկական կառույցի պահպանման համար ոչ ժամանակին ձեռնարկված միջոցառումներն են։ Հարուցվել է քրեական գործ՝ «Շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտում» և «Անփութություն» հոդվածներով։




























