2024թ․-ի ապրիլի 5-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել իրավապաշտպան Անտոն Շչերբակը։ Վերջինս երկար տարիներ Ռուսաստանում զբաղվել է մարդու իրավունքների, մասնավորապես զինվորականների և զորակոչիկների իրավունքների պաշտպանությամբ, համագործակցել «Զորակոչիկների դպրոց» կազմակերպության հետ (պաշտոնական կայքէջը՝  https://netprizyvu.ru/)։

ՀՔԱՎ տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Ա․Շչերբակը հայտնել է, որ օրերս Ռուսաստանում, ապա՝ Հայաստանում արգելափակվել է «Զորակոչիկների դպրոց»-ի կայքէջը։

Հայաստանում կայքէջի արգելափակմամբ ՀՀ-ն խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ՝ Արտահայտվելու ազատության իրավունքը, ըստ որի՝

Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ (․․․)

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջել՝  տեղեկատվություն տրամադրել կայքէջի արգելափակման պատճառների և իրավական հիմքերի վերաբերյալ։  Միաժամանակ, կազմակերպությունը պահանջել է վերացնել կայքի արգելափակումը ՀՀ-ում և ապահովել դրա անխափան գործունեությունը։

Կազմակերպությունն արձանագրում է, որ իրավաչափ չէ Ռուսաստանի Դաշնության տարածքում կայքէջի գործունեության սահմանափակման նույնական կիրառումը Հայաստանի տարածքում»: