Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 14-ին, կառավարությունում ընդունել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանին եւ քննարկել Հայաստանում մարզաձեւի զարգացմանն ու մասսայականացմանն առնչվող հարցեր:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը կարեւորել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի եւ այս մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի միջեւ համագործակցության խորացումը եւ հույս հայտնել, որ Թոր Լիանի այցը մեր երկիր նոր թափ կհաղորդի Հայաստանում հանդբոլի զարգացմանը:
Իր հերթին, Թոր Լիանը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս աջակցելու Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային՝ մարզաձեւի զարգացմանը նպաստելու նպատակով:


























