Հայաստանի ՊՆ-ում, այսօր` նոյեմբերի 15-ին, տեղի է ունեցել զինված ուժերի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերանայման եւ առաջարկությունների մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային խմբի ստեղծման նպատակը պաշտպանության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար շահագրգիռ, կարող ուժերի համախմբումն է: Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Նիստի ընթացքում Սեյրան Օհանյանը եւ ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանն իրենց ելույթներում նշել են, որ խմբի գործունեությունն ուղղված կլինի զինված ուժերի գործունեությունը կարգավորող կամ ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի վերանայմանը, իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակմանը, ինչպես նաեւ զինված ուժերում հանցավորության մակարդակի բարձրացմանը նպաստող գործոնների հայտնաբերման ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացմանը եւ դրանց վերացման կամ ազդեցության նվազեցման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը: Բացի ՀՀ ՊՆ իրավասու ներկայացուցիչներից` աշխատանքներին ներգրավվելու են նաեւ ՀՀ զինդատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, եւ քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչներ:
Աշխատանքային խմբի նիստին մասնակցել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված իրավախախտումների կանխարգելման, օրինականության եւ կարգապահության ամրապնդման հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի անդամները: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի նախագահությամբ գործող հանձնաժողովը, որում ներգրավված են պատասխանատու համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քննարկելու է ՀՀ ԶՈՒ զորամասերում տեղի ունեցած դեպքերն ու արտակարգ պատահարները, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդող կարգապահական եւ իրավական խախտումները, դրանց նպաստող պայմաններն ու պատճառները, դեպքերի ու արտակարգ պատահարների աճի կամ նվազման միտումներն ու օրինաչափությունները, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղիները: Քննարկումների արդյունքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները վերացնելու նպատակով կմշակվեն գործուն առաջարկներ եւ ծրագրեր:




























