Երեւանում, այսօր` նոյեմբերի 15-ին, տեղի է ունեցել «Կրթություն եւ կարիերա expo 2011» տասներկուերորդ  միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացումը, որին մասնակցել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը նշել է, որ կրթական էքսպո-ցուցահանդեսի հիմնական նպատակն է  նպաստել կրթություն-բիզնես կապի ամրապնդմանը ու հանրության առավել լայն շերտերին ներկայացնել կրթական ոլորտում առաջարկվող ծառայությունները: «Ժամանակակից հայ երիտասարդի մոտ մենք պետք է ձեւավորենք այնպիսի արժեհամակարգ, որի գլխավոր սկզբունքը հիմնված կլինի ոչ թե  կրթության կամ կարիերա երկընտրանքի, այլեւ առանց կրթության ոչ մի կարիերա գաղափարախոսության վրա:

Առանց կրթության լավ կարիերա  ապահովելու հնարավորությունը ցանկացած   ասպարաեզում  պետք է բացառվի: Սա երիտասարդներին ուղղված շատ կարեւոր ազդակ է, որպեսզի նրանք համոզված լինեն, որ անձնական բարեկեցության եւ հասարակական կայուն վերելքի միակ եւ բացառիկ գրավականը կրթությունն է»,- նշել է նախարարը:

«Կրթություն եւ կարիերա expo 2011» ցուցահանդեսում ներկայացվել են կրթական ոլորտի 60 առաջատար կազմակերպություններ, այդ թվում ավագ դպրոցներ, բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ,  միջազգային կրթական հաստատություններ, հրատարակչություններ, ինչպես նաեւ բիզնես-կառույցներ: ՀՀ Կրթության եւ գիտության նախարարը շրջել է ցուցահանդեսի  բոլոր տաղավարներում, զրուցել մասնակիցների ու այցելուների հետ: ՀՀ խոշոր ընկերություններից էքսպո-ցուցահանդեսին մասնակցել է նաեւ  ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ներկայացնելով ընկերության կարիերայի զարգացման ծրագիրը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար  Ա. Աշոտյանը բարձր է գնահատել ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը  կրթական ոլորտի հետ, նշելով, որ պետական կրթական քաղաքականության կարեւոր խնդիրներից մեկը  գործարար համայնքի ներգրավումն է կրթության կազմակերպման ու կառավարման գործընթացում եւ այս առումով նախարարությունը բաց է ու պատրաստ համագործակցելու բոլոր խոշոր հարկատուների հետ:

Էքսպո ցուցահանդեսի նպատակն է՝ դպրոցականներին եւ ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության համակարգի վերաբերյալ, նպաստել կրթօջախների եւ ձեռնարկությունների միջեւ գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել գործազուրկների եւ իրական գործատուների միջեւ, ծրագրում ներգրավելով պետական, մասնավոր եւ հասարակական կազմակերպություններ:

«Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում բացված «Կրթություն եւ կարիերա expo 2011» տասներկուերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 17-ը: