Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ, տպագրվել է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի բրալյան տարբերակը` տեսողական խնդիրներ ունեցողների համար:

Կույրերի միջազգային օրվա առիթով, նոյեմբերի 14-ին, Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում տեղի է ունեցել օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում ներկայացվել է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 5-րդ դասարանի դասագրքի բրալյան տարբերակը:

Միջոցառման ընթացքում մասնակիցներին ողջունել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, ով նաեւ Հայաստանի աստվածաշնչային ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Նա բարձր է գնահատել կազմակերպիչների նախաձեռնությունը` շեշտելով վերջինիս հրատապությունը հասարակության հատուկ ուշադրության կարիք ունեցող հատվածի համար:

Հանդիսությանը ներկա են եղել Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, Հայաստանի ԿԳՆ-ի եւ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչները:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի մնացյալ դասարանների դասագրքերի հրատարակությունը բրալյան տարբերակով: