Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` նոյեմբերի 15-ին, ընդունել է ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի 50 անդամներին:
«Վարդանանք» ակումբում ներգրավված են արցախյան պատերազմի ժամանակ ԵՊՀ-ի զոհված ուսանողների ծնողները, զավակները, ինչպես նաեւ համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը եւ «Արցախի հերոս» շքանշանակիր, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Պաշտպանության նախարարին եւ միջոցառման մյուս անդամներին ներկայացնելով ակումբի ծավալած գործունեությունը հիմնադրումից ի վեր` ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշել է, որ ակումբի նպատակն է անմար պահել հայրենիքի համար մարտնչած զորավարների, Արցախյան ազատամարտում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը, նրանց օրինակով ու ազգային վեհ գաղափարներով դաստիարակել համալսարանական երիտասարդներին:
Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Վարդանանք ակումբի մեջ ներգրավված են մարդիկ, ովքեր զգացել են պատերազմի դաժան հետեւանքները: Ձեզնից շատերը, հանդիսանալով զոհված ազատամարտիկների հարազատներ, երբեք չեն ընկրկել եւ իրենց ողջ ջանքերը ներդրել են մեր մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում»:
Վարդանանք ակումբի հիմնադրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ եւ գնահատանքի արժանի գործունեության համար պաշտպանության նախարարի հրամանով ակումբի անդամները պարգեւատրվել են գերատեսչական մեդալներով եւ պատվոգրերով:




























