Հայաստան են ժամանում Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական գիտությունների վաստակավոր պրոֆեսոր Ալֆրեդ Գրոսերը, Ստրասբուրգի համալսարանի սոցիոլոգիայի դասախոս Ժերալդ Բրոները եւ Փարիզի Դեկարտ համալսարանի դեմոգրաֆիայի դասախոս Իվ Շարբինը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք Երեւանում նոյեմբերի 17-18-ին, կմասնակցեն «Անորոշության մարտահրավերը» թեմայով Խորհրդածության օրերին: Այն կազմակերպվել է Ֆրանսիայի ԱԳՆ  Դալամբեր հիմնադրամի եւ Ֆրանսիայի դեսպանության կողմից:

Նոյեմբերի 18-ին, Խորհրդածության օրերի շրջանակում, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության եւ Երեւանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ, Երեւանի պետական համալսարանում քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ալֆրեդ Գրոսերը  հանդես կգա  «Ողբերգական անցյալ եւ կառուցողական հիշողություն. ֆրանս-գերմանական օրինակը կարելի՞ է ընդհանրացնել» թեմայով բաց դասախոսությամբ:

Մուտքն ազատ է: Ֆրանսերեն-հայերեն համաժամանակյա թարգմանությունը կապահովվի: