Օրերս Լոռիի մարզի Գոգարան գյուղում առանձնատան հրդեհի պատճառների վերաբերյալ, որը խլեց մեկ մանկահասակ երեխայի կյանք եւ եւս երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, տարբեր վարկածներ կան:
Հիշեցնենք, որ հրդեհի պահին տանը 4 մանկահասակ երեխա է եղել, որոնցից մեկը` 4 տարեկան Արեգը մահացել է, 1,5 տարեկան փոքրիկը թեթեւ այրվածքներ է ստացել, իսկ մյուս երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են: Նրանք շնչուղիների ու մարմնի ավելի քան 50 տոկոս խոր այրվածքներով տեղափոխվել են սկզբում Սպիտակի հիվանդանոցային համալիր, այնուհետեւ Երեւանի տարբեր հիվանդանոցներ:
Երկհարկանի առանձնատան հրդեհման մասին մի քանի վարկածներ կան: Ոստիկանության եւ հակահրդեհային տեսչության աշխատակիցների հետ զրույցից պարզ դարձավ, որ նախնական տվյալներով, հրդեհի պատճառը փայտե վառարանն է եղել, մինչդեռ գյուղում բնակիչների շրջանում այլ վարկածներ են շրջանառվում:
Դեռ նույն օրը, տան մոտակայքում խմբված գյուղի բնակիչները խոսում էին այն մասին, որ երեխաները տանը մենակ են եղել, ծնողները հարեւանի տանն են եղել, երեխաները փորձել են սեփական ուժերով վառել վառարանը, սակայն կրակը արագությամբ վառարանից տարածվել է ամբողջ տնով մեկ:
Նույն գյուղի մի քանի այլ բնակիչներ ներկայացրեցին մեկ ուրիշ տարբերակ. Նրանց խոսքով, հրդեհը բռնկվել է երեխաների տատի անզգուշության հետեւանքով: Ըստ այս վարկածի, երեխաները եղել են տատիկի հսկողության տակ, վերջինս փորձել է բենզինի օգնությամբ վառել վառարանը, սակայն կրակից բռնկվել է բենզինի շիշը, վերջինս շփոթմունքից շիշը ձեռքից նետել է մի կողմ, որպեսզի կրակն իրեն վնաս չպատճառի, շիշն ընկել է բազմոցին նստած 4 երեխաների ուղղությամբ, տատը հասցրել է գրկել ամենակրտսեր թոռանն ու դուրս վազել, նրան տնից հանելով, երբ փորձել է հետ վերադառնալ ու դուրս հանել մյուս 3 երեխաներին եւս, արդեն կրակը տարածված է եղել ողջ առաջին հարկում, ու մինչ գյուղացիները ձյան ու ջրի միջոցով կփորձեին մարել կրակը, երեխաներն արդեն այրված են եղել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, Լոռիի մարզային քննչկական բաժնի Սպիտակի բաժանմունքի քննիչ Գեւորգ Մինասյանը նշեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի առաջին մասով (անզգուշությամբ մահ առաջացնել):
Հարցին, թե այս մեղադրանքը կոնկրետ ո՞ւմ է ուղղված, քննիչը պատասխանեց, որ նշանակվել է հրդեհատեխնիկական փորձաքննություն, եւ, քանի որ այս պահին տան անդամները հոգեպես պատրաստ չեն ցուցմունք տալու, հետեւաբար որեւէ վարկած հստակ նշել դեռեւս հնարավոր չէ, կատարվում է նախաքննություն:
Ի դեպ, այս պահին Գոգարանում ողջ գյուղը սգում է 4-ամյա Արեն Գասպարյանի մահը, թաղման արարողությունն այսօր է:


























