Ազգային ժողովի նիստի մեկնարկին, քվեարկություններից առաջ վարման կարգով ելույթի իրավունք խնդրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով անդրադարձավ ոստիկանական ուժերի կողմից լուսադեմին Կիրանցում ճանապարհի բացմանը և կիրանցիների բերման ենթարկելու։
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցիների իր սիրելի քույրերին և եղբայրներին և լուսադեմին այդ սերը արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ։ Կիրանցիներին ծեծելով և ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում՝ սեփական ժողովրդին ահաբեկելով, ծեծելով, ջարդելով, զնդանները լցնելով փորձում է իր հակապետական ծրագիրը կյանքի կոչել։
Սա ոչ միայն դատապարտելի է, սա ունենալու է կոնկրետ հետևանքներ, ներկայումս մեր ներկայացուցչական խմբերն աշխատում են այստեղ»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ է նաեւ Բագրատ Սրբազանը:
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:
Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել:





























