Կիրանցում բռնի ուժով բերման ենթարկվածների մեջ էին նաև երեք անչափահաս տղաներ՝ 15-17 տարեկան: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, NEWS.am-ին հայտնեց Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը: Նրա խոսքով, սակայն տղաները վնասվածքներ չունեն:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ է նաեւ Բագրատ Սրբազանը:
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:
Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել:




























