Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը քաղաքացիների ընդունելություններ կանցկացնի Հայաստանի 6 մարզերում։ Պաշտպանը եւ իր անձնակազմը քաղաքացիներին կընդունեն նոյեմբերի 17-ին Կապանում, նոյեմբերի 18-ին՝ Եղեգնաձորում,  նոյեմբերի 22-ին՝ Գյումրիում, նոյեմբերի 24-ին՝ Իջեւանում, նոյեմբերի 25-ին՝ Վանաձորում, նոյեմբերի 29-ին՝ Գավառում։

ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցելությունների իրականացմանը աջակցում է Եվրոպական միության խորհրդատվական խումբը /ԵՄԽԽ/։

Պաշտպանը նախատեսում է նաեւ 2012թ. հիմնել մարզային գրասենյակներ։ Այս այցելությունների շղթան կծառայի նաեւ որպես այդ նախաձեռնությունն իրականացնելու նախապատրաստական փուլ, որի ընթացքում կկատարվի 6 մարզկենտրոններում բացվելիք մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչությունների համար աշխատակազմի հավաքագրում եւ գրասենյակային տարածքների ընտրություն։ 

Պաշտպանի այցի շրջանակներում կազմակերպվելու են նաեւ կլոր սեղաններ հասարակական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ներկայացվելու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաեւ Եվրոպական միության խորհրդատվական խմբի  գործունեությունը։  ԵՄԽԽ ներկայացուցիչը կծավալի քննարկումներ քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության վերաբերյալ՝ ներկայացնելով այդ ոլորտում ԵՄ լավագույն փորձը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցում եւ մեծապես աջակցում են մարզային հասարակական կազմակերպությունները,  Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչությունը եւ ԱՄՆ  Միջազգային զարգացման գործակալությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին եւ ամենուրեք։