Գյումրի-2 սոցիալական ծառայության բաժնի պետ Էդիկ Բաղամյանն արձագանքել է Գյումրիի ծայրամասերից մեկում բնակվող, անօթեւան Եփրիկյանների ընտանիքին սոցիալական նպաստից զրկելու մասին տեսանյութին:

Հիշեցնենք, որ «Անօթեւան ընտանիքին զրկել են սոցիալական նպաստից» տեսանյութի հեղինակը »Շիրակ Կենտրոնն» է, որին անդրադարձել է նաեւ NEWS.am-ը:

Էդիկ Բաղայանի պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է.

«Սոցիալական ծառայությունների Գյումրի-2 տարածքային բաժնի անապահովության գնահատման համակարգում հաշվառված Եփրիկյանների ընտանեկան նպաստի ժամանակավոր դադարեցման պատճառը կայանում է նրանում, որ ընտանիքի անչափահաս մանկուց հաշմանդամ Մարիամ Եփրիկյանի սոցիալական խումբը դուրս է եկել երեխայի 16 տարին լրանալու կապակցությամբ, որի արդյունքում նվազել է կարիքավորության միավորը սահմանայինից` կազմելով 29,61 միավոր:

Ընտանիքի կարիքավորության միավորը կարող է նորից բարձրանալ, եթե անչափահաս մանկուց հաշմանդամ երեխան երկու ամսվա ընթացքում ձեռք կբերի կարգային կենսաթոշակառուի նոր կարգավիճակ, որը գործող կարգի համաձայն ընտանիքին իրավունք է տալիս վերականգնելու նաեւ չվճարված երկու ամիսների (հոկտեմբեր-նոյեմբեր) ընտանեկան նպաստը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մանկուց հաշմանդամ երկու երեխաների մորը` Սիրարփիին Գյումրիի թիվ 2 սոցիալական ծառայությունից, իրենց չորս անձից բաղկացած ընտանիքին նպաստից զրկելը պատճառաբանել են 16-ամյա մանկուց եւ անկողնային հաշմանդամ դստրոջ հաշմանդամության մասին բժշկական հանձնաժողովի տեղեկանքի բացակայությամբ:

Ընտանիքի հայրը նույնպես գործազուրկ է եւ անբուժելի հիվանդությամբ է տառապում: Պետության կողմից նրանց ընտանիքը բնակարանային փոխհատուցման ենթակա չէ, քանի որ նրանք երկրաշարժին բնակվել են վարձով եւ բնակարան չեն կորցրել:

Այն տնակային թաղամասը, որտեղ բնակվում է նաեւ Եփրիկյանների ընտանիքը ենթակա է տեղահանման, քանի որ տնակների մեծ մասը տեղադրված են բարձր լարման հաղորդալարերի տարածքում: Այդ մասին, դեռեւս աշնանը, մի քանի տասնյակ տնակներից բաղկացած թաղամասի բնակիչներին զգուշացրել են «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նոր սեփականատերերի անունից: