Պատանդների գործարքի շրջանակում Գազայում պատերազմի արդյունավետ ավարտի հասնելու նպատակով Իսրայելի վրա միջազգային ճնշման մասին ասեկոսեների շրջանառման թեժ պահին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն տեսաուղերձ է հրապարակել, որում միանշանակ կերպով ընդգծել է, որ Իսրայելը չի ​​համաձայնի արշավի դադարեցմանը և Գազայի հատվածից Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի դուրսբերմանը, հայտնում է Times of Israel-ը։

«Իսրայելը չի ​​կարող դա ընդունել։ Մենք չենք կարող համակերպվել մի իրավիճակի հետ, որի դեպքում  ՀԱՄԱՍ-ի գումարտակները դուրս կգան իրենց բունկերներից, կրկին իրենց հսկողության տակ կառնեն Գազան, կվերականգնեն իրենց ռազմական ենթակառուցվածքը և կվերադառնան մերձակա  համայնքներում, հարավային քաղաքներում, երկրի բոլոր մասերում բնակվող իսրայելցի քաղաքացիների հանդեպ սպառնալիքներին»,- ասել է նա։

«Իսրայելը չի ​​համաձայնի ՀԱՄԱՍ-ի պահանջներին, որոնք նշանակում են կապիտուլյացիա, և կշարունակի ռազմական գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ իր բոլոր նպատակները չեն իրականացել»,- հավելել է Իսրայելի վարչապետը։

Ըստ Նաթանյահուի, ՀԱՄԱՍ-ի պահանջների ընդունումը միայն կարագացնի նոր հակամարտությունը և թույլ կտա խմբավորմանը «ապագայում ևս մի կոտորած իրականացնել»:

Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Իսրայելը «նախկինի պես բաց է գործարքի համար, սակայն ՀԱՄԱՍ-ն անսասան է իր դիրքերում»:

Այս պահին Կահիրեում են գտնվում ԱՄՆ-ի, Քաթարի ու Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները։

Նաթանյահուն որոշել է այս փուլում պատվիրակություն չուղարկել։