ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձ է հղել ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Գիտելիքի վրա հիմնված հասարակության եւ տնտեսության ժամանակաշրջանում առավել կարեւորվում է ուսանողության դերը, քանի որ հմուտ, մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված յուրաքանչյուր պետության տեղն ու դերը համաշխարհային արագընթաց զարգացումներում: Յուրաքանչյուր քաղաքացու կրթության իրավունքի լիարժեք իրականացումը, մասնագիտական կրթության բնագավառում իրականացվող ծավալուն բարեփոխումները եւ մրցունակ գիտելիքների ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը յուրաքանչյուր ուսանողից պահանջում է լինել առավել ակտիվ եւ ներգրավված կրթության ոլորտում ընթացող գործընթացներում, գիտելիքների ձեռքբերման հարցում իր իսկ անձի նկատմամբ ցուցաբերել առավել պահանջկոտություն: Իրականացվող բարեփոխումների հաջողության գրավականը գիտելիքի նորովի արժեւորումն ու դրա ձեռքբերման գործընթացում ձեր քաղաքացիական գիտակցությունն է:
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ արտերկրում սովորող բոլոր հայազգի ուսանողներին, ցանկանում լավատեսություն, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ եւ բոլոր նպատակների իրականացում»:




























