ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժամանակակից խորհրդարան) երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ: Հայտնում են ԱԺ  մամուլի ծառայությունից:

Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը վերապատրաստման, փորձագիտության եւ խորհրդատվության միջոցով:

DH__9559.jpg (813 KB)

Ստորագրման արարողությանը բացման խոսքով հանդես են եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը ու Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

«Խորհրդարանական ժողովրդավարությանն անցում կատարելու առաջին իսկ փուլից ՀՀ Ազգային ժողովն ընդունել եւ ողջունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը: Ազգային ժողովի աշխատանքն ավելի թափանցիկ, արդյունավետ եւ հաշվետու դարձնելու մեր համատեղ ջանքերն ուղղված են մեր պետությունում լավ կառավարման համապարփակ եւ արդյունավետ համակարգի կայացմանը»,- իր ելույթում նշել է ԱԺ նախագահը:

Իվանա Ժիվկովիչը բարձր է գնահատել համագործակցությունը ՀՀ խորհրդարանի հետ, անդրադարձել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումներին:

«Չնայած համաճարակի, հակամարտությունների եւ կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած ահռելի խոչընդոտներին՝ Հայաստանը ցուցաբերել է տոկունություն եւ ժողովրդավարական բարեփոխումների անսասան նվիրվածություն:

Խորհրդարանի կարողությունների զարգացման նիստերից մինչեւ թվայնացված լուծումների ներդրում մենք պարտավորվում ենք Ազգային ժողովին զինել ժամանակակից կառավարման բարդ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ գործիքներով եւ փորձով»,- ընդգծել է Իվանա Ժիվկովիչը:

DH__9630.jpg (825 KB)

Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն իր ելույթում շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակի համագործակցության համար, կարեւորել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի մեկնարկը:

Ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը ներկայացրել է ՆՀԺԽ առաջին ծրագրի հիմնական ձեռքբերումները եւ երկրորդ ծրագրի նպատակներն ու բաղադրիչները, որից հետո տեղի է ունեցել ստորագրման արարողությունը:

Ալեն Սիմոնյանը եւ Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ, որին հաջորդել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համաֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը: