Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հավատում է, որ Վրաստանում 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում կհաղթի վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլին, հայտնում է վրացական «Ասավալ- դասավալի» պարբերականը։

‹‹Ես չեմ կասկածում, որ առաջիկա ընտրություններում կհաղթի Իվանիշվիլին եւ վստահ եմ, որ նա թույլ չի տա ընտրությունները կեղծել››,-հայտարարել է նախկին նախագահը։

Ինչ վերաբերում է ‹‹Ժողովրդավարական շարժում- միասնական Վրաստան›› կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի եւ գործարարի հետագա հնարավոր գործընկերությանը, Շեւարդնաձեի կարծիքով, Բուրջանաձեն բավականին փորձառու քաղաքական գործիչ է եւ Իվանիշվիլին ճիշտ քայլ կանի նրա հետ գործընկերություն անելով։

‹‹Բուրջանաձեն լավ կադր է՝ անուն ունի, իշխանություն ունի, լավ ընտանիք ունի. ինչո՞ւ Իվանիշվիլին պետք է այն չօգտագործի››,-ընդգծել է նա։