Դիեգո Մարադոնայի ժառանգները հայց կներկայացնեն, որպեսզի կանգնեցնեն նրա «Ոսկե գնդակի» վաճառքն աճուրդում, նա գնդակն ստացել էր 1986թ. աշխարհի առաջնությունում, երբ հաղթել էր Արգենտինան, Associated Press գործակալությանը տեղեկացրել է նրանց փաստաբանը։
«Ոսկե գնդակը» տասնամյակներ համարվում էր անհայտ հանգամանքներում կորած եւ միայն վերջերս է հայտնվել։ Այն հանվելու է աճուրդի Փարիզում հաջորդ ամիս, տեղեկացրել է Aguttes աճուրդների տունը։
Մարադոնան, որը մահացել է 2020թ. 60 տարեկանում, Արգենտինայի հավաքականի կապիտանն էր, որը հաղթեց Արեւմտյան Գերմանիային 3։2 հաշվով 1986թ. եզրափակչում (Մեխիկո)։
Մարադոնայի ժառանգները հավաստիացնում են, որ գնդակը գողացվել է, եւ հայտարարում են, որ ներկա տերը այն վաճառելու իրավունք չունի։
Փաստաբան Ժիլ Մորիեն, որն աշխատում է Paradox Lawyers ընկերությունում, հայտնել է, որ շտապ հարցում կուղարկի Նանտերի դատարանի նախագահին, որպեսզի «Ոսկե գնդակը» հանվի աճուրդից։ Նա գործակալությանը տեղեկացրել է, որ կպահանջի նաեւ գնդակի դատական սեկվեստր (ժամանակավոր հանձնում- խմբ.) եւ բողոք կներկայացնի գողության եւ թաքցված գողության մասին։





























