Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից և շարասյունով հեռացավ՝ «ամոթ» վանկարկումների ներքո։
Աննախադեպ թվով ոստիկանական ուժերը շարունակում են շրջափակած պահել Օպերայի միջակայքը: Երթի մասնակիցները, չնայած տեղացող անձրևին, շարունակում են մնալ այնտեղ:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի շարասյանը քաղաքացիները դիմավորել էին «հողատու, հեռացիր» վանկարկումներով։
Հիշեցնենք՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում անց էր կացվում միջոցառում, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի էր ունենում բողոքի ակցիա։ Ոստիկանական մեծաթիվ ուժեր էին բերվել Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ դեռևս կայանված են Օպերայի շենքին հարակից հատվածներում: Մետաղյա արգելապատնեշներով շարունակում են փակ մնալ Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված են նաեւ Ազատության հրապարակը, որտեղ միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են լինում շրջանցել արգելապատնեշները:





























