«Վրաստանի իշխանությունի ինքնիշխանության առևտուր չի անում և խաղեր չի խաղում, ամեն ինչում մեղավոր է հենց ԱՄՆ-ը»: Նման կերպ է պատասխանել Վրաստանի իշխող կուսակցությունը Politico-ի հաղորդագրություններին, ըստ որոնց Վաշինգտոնը պատրաստ է մեծացնել Վրաստանին աջակցությունը, եթե իշխանությունները հրաժարվեն հակաարևմտյան հռետորաբանությունից, օտարերկրյա գործակալների մասին օրենքից և վերադառնան ժողովրդավարության ուղի, հայտնել է NewsGeorgia-ն։
«Ցավոք, ամերիկացի մի շարք քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ սխալի հետևից սխալ են թույլ տալիս և դեռ շանտաժի լեզվով են խոսում Վրաստանի հետ…
Վրաց-ամերիկյան հարաբերությունների բարելավումն ամբողջությամբ կախված է ամերիկյան կողմի ճիշտ գործողություններից։ Դրա համար հարկավոր է հարգանք դրսևորել, այլ ոչ թե խոստումներ տալ բոլորովին մշուշոտ հեռանկարով և վիրավորական շանտաժով»,- ասված է «Վրացական երազանք»-ի հայտարարության մեջ։
Ըստ Վրաստանի իշխող կուսակցության՝ Միացյալ Նահանգները նախ պետք է ապացուցի, որ ռազմավարական գործընկեր է՝ տրամադրի առանց վիզայի առանց որևէ պայմանի ճանապարհորդություն, ստորագրի ազատ առևտրի համաձայնագիր, դադարի աջակցել հեղափոխական տրամադրություններին ՀԿ-ների միջոցով և վերջ տա ԵՄ-ի հարցը որպես շանտաժի գործիք օգտագործել։
«Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Վրաստանին անհրաժեշտ է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրենք»՝ երկիրը հանգստացնելու համար, ասված է հայտարարության մեջ:
Այնուհետև Վրաստանի իշխող կուսակցությունը հավելել է, որ գործընկերները կարող են որակապես վերականգնել իրենց հարաբերությունները առավելագույնը մեկ տարվա ընթացքում. «Եթե սա հասկանան, հարաբերությունները շատ արագ կբարելավվեն, բայց եթե շարունակեն գործել նույն մոտեցմամբ, վնաս կհասցնեն Վրաստանի ու Ամերիկայի շահերին»։





























