Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել Հայաստանի hանրապետության դեմ, որի համաձայն ՀՀ կառավարությունը պետք է 18 500 եվրո փոխհատուցում վճարի Բուզանդի-17 հասցեի բնակիչներին` պետության կարիքների զոհ դառնալու համար:
Երեւանի Բուզանդի-17 հասցեի նախկին բնակիչներ Հովհաննես եւ Աստղիկ Հովհաննիսյանները ու նրանց դուստրը` Լիանա Շիրոյանը, իրենց տնից բռնի վտարվել են 2005 թվականի դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց վերջիններիս փաստաբան Վահե Գրիգորյանը:
Նրա փոխանցմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է նրանց սեփականության իրավունքի խախտումը եւ փոխհատուցման վերաբերյալ վճիռ կայացրել այս տարվա նոյեմբերի 15-ին: Այդ գումարը Հայաստանի կառավարությունը պարտավոր է վճարել որոշումը կայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում:
Հարցին, թե Հայաստանից քանի՞ նման գործ կա Եվրադատարանում, որոնք առնչվում են «պետական կարիքների» պատճառով մարդկանց սեփականությունից զրկելուն եւ քանիսն են դրանցից բավարարվել, փաստաբանը պատսխանեց. «Ես տեղյակ եմ մոտ 20 այդպիսի գործերի մասին, որոնք ընթացքի մեջ են: Դրանցից` 3-ը բավարարվել են իրավունքի խախտումների մասով, երկուսով էլ փոխհատուցում է տրամադրվել: Վերջինը 18 500 եվրո էր, նախորդը կարծեմ 14 հազար եվրոյի սահմաններում էր»:
Նրա ներկայացմամբ, Եվրադատարանում բավարարված երեք գործերն էլ վերաբերում են Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների կառուցապատման համար իրենց տներից զրկված քաղաքացիների գործերին:
Փաստաբանը NEWS.am-ին նաեւ փոխանցեց, որ իր պաշտպանյալները պետության կարիքների համար իրենց սեփական տարածքներից օտարվել են կառավարության որոշմամբ, իսկ տեղահանումը տեղի է ունեցել ծեծի եւ բռնությունների արդյունքում:
NEWS.am-ը զրուցեց նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Նա նշեց, որ շատ ուրախ է եւ ընդամենը կարող է ասել, որ այս ամենը կյանքի է կոչվել 5 տարվա պայքարի արդյունքում: «Իսկ զգացողությունս, խորհուրդս մյուսներին այն է, որ քեզ պարտված չես զգում: Այդքան մի բան»,- եզրափակեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Նշենք, որ Եվրադատարանի վճռում նշվել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 1-ին արձանագրության` 1-ին հոդվածը (Սեփականության պաշտպանություն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք. ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության եւ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով)։



























