«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Հայաստանի ու Արցախի նախագահներին կոչ է անում դեկտեմբերի 10-ին անցկացնել Արցախի հանրապետության անկախության հանրաքվեի ընդունման 20-ամյակին նվիրված համահայկական հանդիսություններ:

Կոչում, մասնաորապես, ասվում է.

«– հիմք ընդունելով 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հերոս արցախահայության   կողմից Անկախության հանրաքվեի ընդունման պատմական նշանակությունը,

– կարեւորելով 2011 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային հրապարակում բովանդակ հայության կողմից հայկական երկրորդ պետության անկախության 20-ամյակի համահայկական նշումը որպես համազգային տոն,

 – ելնելով Արցախի Հանրապետության` թշնամիների կողմից բռնազավթումների, բնիկ հայ բնակչության կոտորածների եւ տեղահանումների պատճառով սակավաբնակ դարձած տարածքները պետական ծրագրով լայնորեն վերաբնակեցնելու առաջնային եւ հրամայական օրակարգից, 

– առաջնորդվելով համայն հայության համար կարեւորագույն ծրագրահենքերից մեկը  հանդիսացող` Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, սահմանադրական ամբողջականության պահպանման եւ միջազգային ճանաչման գերակայություններով` միտված վերամիավորված միացյալ Հայաստան ստեղծելու նպատակին,

– հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության պետական անկախության ճանաչումը եւ աշխարհասփյուռ միլիոնավոր հայերով անկախ հայրենիքի չվերաբնակեցումը Հայաստանի երեք նախագահությունների կողմից ցայսօր չիրագործելը վտանգել է հայոց ազգային հավաքական շահը եւ սերունդների ապագան,

– քաջ գիտակցելով, որ այսօր մեր սերնդին ընձեռվել է հնարավորություն` կազմակերպել հայրենաշեն ազգահավաք հայկական երկու պետություններում, որոնք կազմում են 42000 քառակուսի կիլոմետր, ինչն էլ իր հերթին հիմք է ծառայում ազատագրելու նաեւ մեր ամբողջական հայրենիքը:

Արցախի ազատագրման բեկումնային հաղթանակը եւ 20-ամյա անկախության մեծագույն խորհուրդը հայ ժողովրդին համախմբելու եւ հայկական բնօրրանում որպես ազատ ու արժանապատիվ քաղաքացիներ ապրելու կարեւորագույն առաքելության իրականացման համար կարեւոր է`

1. Կազմակերպել եւ աշխարհի հայաշատ բազմաթիվ քաղաքներում տեղի հայկական համայնքների մասնակցությամբ 2011 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացնել Արցախի հանրապետության անկախության հանրաքվեի ընդունման 20-ամյակին նվիրված համահայկական հանդիսություններ:

2. Հակահայ բանաձեւումներին ու շահերին որպես դիմակայման ազդեցիկ գործոն` հայության հավաքական նվիրումի եւ իրավատիրության ու հայրենատիրության արգասիք այդ հանդիսությունները կազմակերպել եւ անցկացնել ավանդաբար` ներառելով նաեւ Արցախի հանրապետության անկախության հռչակագրի օր սեպտեմբերի 2-ը»: