Արմավիրի մարզում, նոյեմբերի 27-ին, Նոր Կեսարիա գյուղում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Արմավիրի մարզի ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ գրանցված թեկնածուներն են` անկուսակցական, ավագանու անդամ Հրայր Գալստյանը եւ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Հրանուշ Սերոբյանը: Երկու թեկնածուներն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ նախընտրական իրավիճակը հանգիստ է եւ ավելորդ լարվածություններ չկան:
Սակայն Գյուղապետ Հրանուշ Սերոբյանը փոխանցեց, որ Նոր Կեսարիան ունի 1010 ընտրող, որոնցից մոտավորապես 250-ը մեկնել են Ռուսաստան արտագնա աշխատանքի:
Խոսելով շանսերի մասին, Հրանուշ Սերոբյանը նկատեց, որ ինքն, ինչպես միշտ, իր շանսերը բարձր է գնահատում: Հիշեցնելով, որ արդեն 10 տարի է, ինչ համայնքի ղեկավար է, նա նշեց. «4-րդ անգամ եմ առաջադրում իմ թեկնածությունը: 2001թ-ից ես բոլոր ընտրություններում ընտրվում եմ համայնքի ղեկավար»:
Հարցին, թե հույսեր ունի՞, որ այս ընտրություններում էլ է վերընտրվելու, գյուղապետը պատասխանեց. «Անպայման»:
Նա նաեւ հավատացրեց, որ իրենց գյուղում ընտրակաշառքներ չեն բաժանվում եւ նախընտրական իրավիճակը անցնում է սահուն ու օրենքի սահմաններում:
Հրայր Գալստյանը եւս NEWS.am-ին փոխանցեց, որ նախընտրական իրավիճակը շատ հանդարտ է: «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է ընթանում: Ավելորդ լարվածություններ չունենք»,- հավատացրեց գյուղապետի հակառակորդ թեկնածուն: Այն հարցին, թե գյուղապետը այս տարիների ընթացքում ի՞նչ բացթողումներ է թույլ տվել, պատասխանեց, որ գյուղ չկա, որ խնդիր չունենա, բայց հիմնական խնդիրը կապված է ոռոգման ջրի հետ:
«Գյուղում ոռոգման ջրի խնդիր կա, քանի որ լիարժեք եւ ջուրը ճիշտ ձեւով չի մատակարարվում, իսկ ՋՕ-ի տեղամասի պետըգյուղապետ Հրանուշ Սերոբյանի ամուսինն է: Խմելու ջրի խնդիր եւս ունեցել ենք, բայց ավագանու անդամների մեծամասնության որոշումով գյուղի երկու փողոցների խմելու ջրի խողովակները վերջերս փոխել ենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է թեկնածուների միջեւ լարվածության առկայությանը, Հրայր Գալստյանը նկատեց. «Ընտրությունները նշանակված են կիրակի, բայց մինչ օրս ծեծկռտուքներ չեն եղել»:
Ի դեպ, այս թեկնածուները գյուղապետի պաշտոնի համար միմյանց դեմ պայքարել են նաեւ 2007թ-ին, սակայն պարտված թեկնածու` Հրայր Գալստյանը բողոքներ չի ներկայացրել, քանի որ «ընտրությունները նորմալ են անցել»:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























