Երեւանում, նոյեմբերի 22-ին, տեղի է ունեցել ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների կոնֆերանսի պաշտոնական բացումը: Կոնֆերանսի թեման է «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական եւ վիրտուալ ուսումնասիրություններ»:
Հայկական աստղագիտական ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման արարողությանը ներկա էին եւ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադ. Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի խորհրդական եւ Հայաստանում «ՌոսՍոտրուդնիչեստվո»-ի ներկայուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան, Եվրասիական աստղագիտական ընկերության համանախագահ Նիկոլայ Սամուսը եւ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ եւ կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը: Կոնֆերանսին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի եւ Տաջիկստանի մոտ 50 ուսանողներ եւ երիտասարդ գիտնականներ, ինչպես նաեւ եվրոպացի, ռուս եւ հայ դասախոսներ, որոնք կկարդան հրավիրված դասախոսություններ:
Ուսանողները ելույթ կունենան իրենց մագիստրոսական կամ թեկնածուական թեզերի եւ հետազոտությունների թեմաներով: Կանցկացվեն նաեւ գործնական պարապմունքներ, կկազմակերպվի այցելություն Բյուրականի աստղադիտարան եւ Հայաստանի տեսարժան վայրեր: Կոնֆերանսի աջակիցն է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:



























