Երեւանում, նոյեմբերի 22-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է  Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի (UNICEF) նորանշանակ մշտական ներկայացուցիչ տիկին Մանյա Հենրիեթ Ահրենսին։

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով տիկին Ահրենսին նշանակման կապակցությամբ` նախարար Երիցյանը նշել է, որ ԱԻՆ-ը երկար ժամանակ համագործակցում է UNICEF-ի հետ եւ հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի։

UNICEF-ի մշտական ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, նշել է, որ հիմնադրամը մարդասիրական եւ զարգացմանն աջակցող կազմակերպություն է:

«Թեեւ նոր եմ նշանակվել այս պաշտոնում, բայց արդեն ծանոթացել եմ իրականացվող ծրագրերին։ Առանձնապես տպավորված եմ Ձեր աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության ներկայացումով։ Այն պարզ ցույց տվեց, թե դուք որքան եք առաջ գնացել։ Մենք ուրախ ենք աջակցելու Արտակարգ իրավիճակների նախարարությանն ինչպես աղետների կանխարգելման, այնպես էլ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում», - ասել է տիկին Ահրենսը։

Նախարար Երիցյանը ներկայացրել է նախարարության կառուցվածքը, հիմնական գործառույթները։ Նախարարության ձեռքբերումներից առանձնացրել է Ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծումը։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մշտական ներկայացուցիչն այցելել է նաեւ Ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացել դրա տեխնիկական հնարավորություններին եւ աշխատանքին: