2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ «Յունիբանկի» կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 74,6 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 20%-ով: Այդ մասին տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Քարտերի ընդհանուր քանակում 55,6 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 19 հազարը` ArCa քարտերը:

Քարտերի միջոցով «Յունիբանկը» տրամադրում է սպառողական վարկերի մեծ տեսականի` նախատեսված տեխնիկայի կամ կահույքի ձեռքբերման, զբոսաշրջության, վերանորոգման, գույքի ապահովագրության եւ այլ նպատակների համար: «Յունիբանկը» պարզեցրել է  վարկառուների գնահատման գործընթացը եւ ներդրել հաճախորդի վարկային պատմության վերլուծության վրա հիմնված նոր մոտեցում, որը  ենթադրում է հաճախորդի կողմից փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացում: Հարկ է նշել, որ «Յունիբանկի» սպառողական վարկերի մեծ մասը  տրամադրվում է առանց գրավի: Նման մոտեցման շնորհիվ բանկն էապես կրճատել է  վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամանակը եւ որոշ սպառողական վարկատեսակների գծով այն հասցրել մինչեւ մեկ բանկային օրվա` հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո: