Վերջին մի քանի օրերի ընթացքում մամուլում շրջանառվող այն լուրը, որն առնչվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանի հանդեպ կիրառած բռնությանը, մեծ անհանգստություն է պատճառում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային:

Կոալիցիան այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Այդ իսկ պատճառով կոալիցիան կոչ է անում հասարակությանը աչալուրջ լինել եւ պահանջել ցանկացած նմանատիպ դեպքի բացահայտում եւ հետեւողական լինել դրանց արդարացի քննության ընթացքին:

Բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իրականացվող բռնարարքը առանձնապես դատապարտելի է, քանի որ նա հանդիսանում է հասարակական դեմք եւ պետք է ծառայի որպես օրինակ մյուս քաղաքացիների համար:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը այս թեմայի շուրջ եւ ակնկալում արդար ու անաչառ հետաքննություն, ինչպես նաեւ կոչ է անում մամուլին շարունակ լուսաբանել գործի ընթացքը, որպեսզի հասարակությունը իրազեկ լինի բռնության դեպքերի մասին եւ հետեւի դրանց  ընթացքին:

Հույս ենք հայտնում, որ բարձրադիր իշխանական օղակները համապատասխանաբար կարձագանքեն այս արարքին, եւս մեկ անգամ վերահաստատելով, որ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կիրառվող բռնության պատժումը որդեգրված քաղաքական կամքի հետեւողական դրսեւորումն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին, 17.30-ի սահմաններում «Մարիոթ» հյուրանոցի շքասրահում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ֆիզիկական բռնություն է կիրառել գործարար Սիլվա Համբարձումյանի նկատմամբ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն: Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: