Լոռու մարզի Ագարակ Գյուղում երեկ տեղացած տեղատարափ անձրևի, քամու ու կարկուտի հետևանքով ծառեր են արմատախիլ եղել, տների ու անասնագոմերի տանիքներն են մասամբ վնասվել, այգիների բերքն է 50 տոկոսով վնասվել: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Ագարակի վարչական ղեկավար Քրիստինե Մելիքջանյանը:

«Ինչի՞ն վնաս չի հարցրել, բերք ու բարիք ինչ ունեինք քշել տարել է:  Ցորեն, կարտոֆիլ, լոբի ամեն ինչ վնասվել է: Կարտոֆիլը մի անգամ ցրտահարությունից վնասվեց, մի քանի անգամ էլ անձրևից ու կարկուտից: Ծառերի բերքը տերևների հետ ամբողջությամբ թափվել է»,-պատմում է նա: 

Քրիստինե Մելիքջանյանիի խոսքով, շուրջ երկու ժամ տևած տեղատարափ անձրևի ու կարկուտի հետևանքով գյուղի բնակիչների տների տանիքներն են մասամբ վնասվել, բակերում ծառեր են կոտրվել, արմատախիլ եղել:

«Անձրևաջուրը երեք տան նկուղ է լցվել»,-ասում է վարչական ղեկավարը՝ հավելելով, որ բնակիչների հետ շրջում է գյուղով՝ հասկանալու համար վնասի չափը: